Լատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի Ուկրա...

Լատվիան կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները զենք կգնեն ԱՄՆ-ից՝ Ուկրաինա մատակարարելու համար։ Այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։ 

Լատվիական LSM պարբերականի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ գումարը, որը Լատվիան կհատկացնի այդ նպատակների համար, դեռ կհստակեցվի, սակայն այն կկազմի «առնվազն 2 միլիոն եվրո»։

Սիլինան չի մանրամասնել, թե ինչ տեսակի զենք կամ ռազմական տեխնիկա է նախատեսվում գնել Ուկրաինայի կարիքների համար, սակայն նա նշել է, որ այդ միջոցները կարող են օգտագործվել Ուկրաինային հակաօդային պաշտպանության սարքավորումներ ձեռք բերելու հարցում օգնելու համար։

«Առաջին հերթին խոսքը հակաօդային պաշտպանության մասին է։ ՆԱՏՕ-ի երկրները դիմել են մեզ», - հավելել է Սիլինան։

Վարչապետը նաև կոչ է արել այլ եվրոպական երկրներին միանալ ԱՄՆ նախագահի նախաձեռնությանը։

«Մենք ցույց ենք տվել, որ վճռական ենք` աջակցելու Ուկրաինային։ Ես կոչ կանեի մյուս եվրոպական երկրներին անել նույնը, և մենք կոչ ենք անում, որ յուրաքանչյուր երկրի ՀՆԱ-ի որոշակի տոկոսը հատկացվի Ուկրաինային։ Մենք օգնություն ենք ցուցաբերում ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Լատվիան այն երկրներից մեկն է, որն արդեն իսկ ամենաակտիվ կերպով աջակցում է Ուկրաինային ՀՆԱ-ի առումով։ Քանի դեռ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել, մենք պատրաստ ենք գնել ԱՄՆ-ից», - ընդգծել է Սիլինան։

Ավելի վաղ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հաստատել էր, որ Լատվիան կմիանա ՆԱՏՕ-ի նախաձեռնությանն՝ Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենք գնելու համար։

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Կիևին ամերիկյան զենք մատակարարելու պայմանավորվածության մասին։