Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը բավականին ակտիվ և արդյունավետ է, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրվել են կոնկրետ առաջընթացներ, ասել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցությունն արտահայտվում է մի շարք նախաձեռնություններով, այդ թվում՝ ուսանողների կրթաթոշակային ծրագրերով, Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգմամբ և գործարար համաժողովների կազմակերպմամբ։
Միրզոյանը տեղեկացրել է, որ Կարսում անցկացված հայ-թուրքական գործարար համաժողովի հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ հաջորդ տարվա սկզբին։ Նրա խոսքով՝ առաջին համաժողովի նկատմամբ երկու երկրների գործարարների հետաքրքրությունը մեծ է եղել։
Նախարարը կարևոր առաջընթաց է համարել նաև առևտրի մաքսային ընթացակարգերի փոփոխությունը։ Եթե նախկինում Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը մաքսային առումով իրականացվում էր երրորդ երկրի միջոցով, ապա այժմ այդ խոչընդոտը վերացվել է։ 2027 թվականից Հայաստանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանումն ու ներմուծումն իրականացվելու է մաքսային ուղիղ ձևաչափով։ Միևնույն ժամանակ, աշխարհագրորեն բեռնափոխադրումները դեռևս կատարվում են Վրաստանի տարածքով։
«Չնայած ողջ առաջընթացին և դրական դինամիկային՝ այս պահին Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է մնալ փակ։ Բայց այս գործընթացն այնքան է հասունացել, և կողմերը բազմաթիվ հարցերի շուրջ ունեն այնպիսի լավ փոխըմբռնում, որ ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,- ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ ԱԳՄԱ նախարարը նշել է, որ այն մեծ տնտեսական հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ ապաշրջափակման գործընթացը մեծ հաշվով համընկնում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետ, որի կարևոր բաղադրիչներից է TRIPP նախագիծը։
Միրզոյանը հայտնել է, որ նախագծի փաստաթղթային գործընթացի ավարտից հետո կողմերը կանցնեն գործնական աշխատանքներին։ TRIPP-ի շրջանակում նախատեսվում է զարգացնել երկաթուղային, էլեկտրահաղորդակցության և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքները, իսկ ապագայում դիտարկել նաև գազամուղի և նավթամուղի կառուցման հնարավորությունը։
Նախարարի գնահատմամբ՝ տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնումը ոչ միայն նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և հաղորդակցության համար, այլև կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը։



