Այսօր՝ նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) շարունակում է քննարկել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։
Նիստը բավական լարված մթնոլորտում է անցնում։ ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին հարցրեց, թե ինչո՞ւ են ոստիկանները ներկա նիստին, արդյո՞ք որևէ վտանգ են տեսնում հանձնաժողովի անդամները։ Նա պահանջեց, որ ոստիկանները դուրս գան դահլիճից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վերահսկիչ կոմիտեն զգուշացրել էր իշխանություններին նման որոշման դեմ՝ այն անվանելով ընկերության բռնի զավթում, որի համար «հանրությունը կվճարի»։
Նշենք, որ «Տաշիր» խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում։



