
Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան (հայտնի որպես Պեպե), որն իր համեստ ապրելակերպի համար ճանաչվել է աշխարհի ամենաաղքատ նախագահը, մահացել է 89 տարեկանում: Այս մասին X սոցիալական հարթակում գրառում է արել Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։
«Խոր վշտով հայտնում ենք, որ վախճանվել է մեր ընկեր Պեպե Մուխիկան։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ: Մենք քեզ շատ կկարոտենք, սիրելի ծերուկ», - գրել է Օրսին։
Մուխիկան Ուրուգվայի նախագահ էր ընտրվել 2009 թվականին և երկիրը ղեկավարել մինչև 2015 թվականը։ Մայիսի 20-ին կլրանար նրա 90-ամյակը։
Իր պատանեկության տարիներին՝ 1960-1970-ական թվականներին, նա կռվել է Տուպամարոս ազգային ազատագրական ձախ արմատական շարժման շարքերում, որը ոգեշնչված էր Կուբայի հեղափոխության գաղափարներով և պարտիզանական մեթոդներով պայքարում էր իշխանությունների դեմ։ Նա վեց անգամ վիրավորվել է և 14 տարի անցկացրել բանտում։
BBC-ն նշում է, որ նախագահ ընտրվելուց հետո Մուխիկան շատ համեստ կյանք էր վարում, քննադատում էր կոնսյումերիզմը և սոցիալական բարեփոխումների կողմնակից էր, ինչի շնորհիվ նա հայտնի քաղաքական գործիչ դարձավ ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև տարածաշրջանի սահմաններից դուրս։
Հունվարին Մուխիկան հայտարարեց, որ իր մոտ ախտորոշված կերակրափողի քաղցկեղը տարածվել է այլ օրգանների վրա, նա հրաժարվեց հետագա բուժումից և հրաժեշտ տվեց իր հայրենակիցներին։
2024 թ. նոյեմբերին BBC-ին տված հարցազրույցում Մուխիկան ասել էր. «Մարդը գիտի, որ մահն անխուսափելի է։ Եվ գուցե, հենց դա է կյանքի աղը»։