Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցն...

Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերության կողմից կառավարվող բոլոր երեք կենսաթոշակային ֆոնդերը 2023 թվականն ամփոփել են էական բարձր երկնիշ տարեկան եկամտաբերությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ընկերության տարածած հաղորդագրությունից, հավասարակշռված ֆոնդը (CQBAL) իր 16.5% եկամտաբերությամբ  ունեցել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում գործող բոլոր 6 ֆոնդերից ամենաբարձր եկամտաբերությունը։

Համապատասխանաբար՝ Կայուն եկամտայինը (CQFIX) և Պահպանողականը (CQCON) ունեցել են 12․6% և 16.3% եկամտաբերություն։ Սա նշանակում է, որ մասնակիցների կենսաթոշակային կուտակումների արժեքն աճել է համապատասխանաբար՝ կախված, թե որ ֆոնդում են կուտակվում մասնակցի միջոցները։      

Եկամտաբերության՝ նման արդյունքները պայմանավորված են եղել հետևյալ գործոններով.

տեղական շուկայում պահպանվել է գնաճային ցածր միջավայրը, տոկոսադրույքները նվազել են, ինչի շնորհիվ տեղական ակտիվները տարին ամփոփել են էական բարձր արդյունքներով։

Նմանատիպ զարգացումներ եղել են նաև համաշխարհային շուկաներում, ինչի արդյունքում միջազգային բաժնային և պարտքային ակտիվները ևս 2023 թվականն  ամփոփել են դրական արդյունքներով։

Հաշվի առնելով, որ կենսաթոշակային  ֆոնդերն ունեն երկարաժամկետ ներդրումային հորիզոն՝ ֆոնդերի կատարողականի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր ունենալու համար Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերությունն անդրադառնում է ֆոնդերի եկամտաբերության երկարաժամկետ ցուցանիշներին։ Ստեղծման պահից ֆոնդերն ունեցել են 106-113 տոկոս եկամտաբերություն։