Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանից առանձին լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքին։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան։ <…> Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը։ Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը մեզ պարտավորեցնում են պաշտպանել մեր երկկողմ հարաբերությունները նման դեպքերից»,- պատասխանել է նա լրագրողներին այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում առանձին լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների մուտքը Հայաստան արգելելու դեպքին։
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր և լրագրող Արամ Գաբրելյանովին արգելել են մուտք գործել Հայաստան։ Մինչ այդ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին եւ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին արգելել էին մուտք գործել։