Կրակոցներ Կոտայքի մարզի ռեստորանային համալիրն...

Դեկտեմբերի 22-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Արա Հայրապետյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամվ՝ դեկտեմբերի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ էլ կրակոցներ են հնչել:

Նշված ռեստորանային համալիր է ժամանած ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների ընթացքում տեղեկություններ են ստացել, որ ծննդյան արարողության ժամանակ Ա. Հայրապետյանը, լինելով ոչ սթափ վիճակում, մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած ապօրինի ատրճանակով դեպի վեր մի քանի անկանոն կրակոց է արձակել:

Կրակոցներ արձակելուց հետո Ա. Հայրապետյանն իրեն պատկանող BMW մակնիշի 35 MM 839 համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել է Գառնի գյուղ և BMW-ի մեջ, ըստ նախնական տեղեկությունների, ատրճանակից անզգուշաբար կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ ձախ ոտքի մասում ստացել է հրազենային վնասվածք: Նրան տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է, իսկ ձերբակալվածն էլ նախկինում ավազակային հարձակում կատարելու և խուլիգանության հատկանիշներով եղել է դատապարտված:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: