Երեկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի 65 ամյակն էր։ Տարբեր գործիչներ օրվա ընթացքում շնորհավորանքներով հանդես եկան, իսկ երգիչ Ռազմիկ Ամյանը երգ էր նվիրել Սերժ Սարգսյանին։
Երգչի նվերը բարկացրել է գործող իշխանություններին, և օրվա ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվեց իր մտահոգությամբ․«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի։
Հ.Գ. Մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»,-գրել էր Հարությունյանը՝ ակնարկելով Ռազմիկ Ամյանին, ով Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մշակույթի վաստակավոր գործչի կոչում էր ստացել։
Նախարար Արայիկ Հարությունյանի քայլը խոսում է նոր իշխանությունների որակի մասին։ Ռազմիկ Ամյանի արվեստը, իհարկե, բարձր արվեստ չէ, և դա, կարծում ենք` գատնիք չէր որևէ մեկի համար։ Գաղտնիք չէ նաև այն, որ նախորդ իշխանությունների օրոք տարբեր մարդկանց վաստակավորի կամ ժողովրդականի կոչումներ են շնորհվել, որոնք առաջացրել են հասարակության դժգոհությունը, բայց այս պարագայում ստացվում է՝ իշխանությունները որոշում են պատժել միայն նրանց, ովքեր նախկինների հետ պահպանում են իրենց լավ հարաբերությունները։
Եթե վաստակավոր արտիստի կոչման մասով կային խնդիրներ, ապա ինչու՞ այդ մասին նախարարը չէր հիշում վերջին մեկ տարվա ընթացքում։ Այս ամենը նման է վրեժխնդրության և ոչ թե ոլորտի խնդիրներով մտահոգ լինելուն։



