Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Եղվարդի բնակիչներին՝ նշելով, թե քաղաքացիները փոքր-ինչ չափազանցնում են.
«Մեր քաղացիները փոքր-ինչ չափազանցրել են այն, ինչ ասել են: Նախ դա հանրակացարան չէ, դա մասնավոր ընկերությանը պատկանող տարածք է, ինչը շուրջ մեկ տարի բառի բուն իմաստով զավթել էին մեր հայրենակիցները, և որպես ազատ տարածք՝ տնավորվել էին»:
Նա նշեց, որ տարածքը պատկանում է «Էլլիպս» ընկերությանը, որը ոչ թե հանրակացարան է, այլ՝ արտադրական տարածք ու այս մեկ տարվա ընթացքում իրենք քննարկել են բնակիչների հետ այլընտրանքներ: «Համայնքի ղեկավարն ինքը պարտավորվել է, որ այդ ընտանիքներին թիրախային լուծումներ կառաջադրի», - ասաց մարզպետը՝ հավելելով.
«6 ընտանքի լուծումներ առաջարկվելու են, բայց իրենք կոմպրոմիսի չեն գալիս ու պնդում են, որ իրենք ուզում են այդ տարածքում ապրել՝ ասելով, որ «ինչո՞ւ պետք է այդ տնտեսվարողը ունենա դրանից նաև մեծ տարածքներ, իսկ իրենք արևի տակ ծածկ չունենան»: Տնտեսվարողի օրինական պահանաջն է պետությունից ակնկալելո իր գույքի անձեռնմխելիության երաշխիքները, շուրջ 6 ամիս ժամանակ էր տրված, ևս 6 ամիս իմ միջնորդությամբ է տրվել նրան, որ գան բանակցենք, բայց ցավով եմ նշում՝ մեր քաղաքացիները հրաժարվել են բոլոր տեսակի լուծումներից: Մենք իրենց առաջարկել ենք 2-3 ամսվա տան վարձեր փոխհատուցենք, բայց նրանք միանշանակորեն մերժում են այդ առաջարկները և պարզապես տուն են պահանջում»:
Մարզպետը նաև հերքեց քաղաքացիներից մեկը պնդումը, թե իրեն ծեծելով են դուրս բերել տարածքից՝ նշելով, որ քաղաքացիները դուրս են բերվել տարածքից ոստիկանության ուժերի կողմից:
Ըստ Պետրոսյանի՝ իր խորհրդականը Եղվարդ համայնքի ղեկավարի հետ այս պահին քննարկում է այդ ընտանիքներին այս վիճակից դուրս բերելու հնարավոր ճանապարհները.«Բայց այդպիսի պահանջով՝ կառավարության առջև գիշերելով ու ուլտիմատումով, որ «մեզ տուն տվեք կամ չենք գնում այստեղից», ես ճիշտ չեմ համարում»:



