
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նորաստեղծ վարչությունում։
Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Բարսեղյանը հանդես են եկել զեկույցներով։
Ինչպես տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը, վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներ ներկայացվել է 90 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է 83 քրեական վարույթ։
Բացահայտված հանցանքների թվում կան փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու, ընդերքօգտագործման կանոնների խախտման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերից խուսափելու և այլ դեպքեր։
Ներկայացված հաղորդումներով պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը կազմել է շուրջ 3 միլիարդ 439 միլիոն դրամ։ Միայն մեկ բացահայտմամբ՝ չվճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 9 հարյուր միլիոն դրամ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական բյուջե վերականգնվել է շուրջ 54 միլիոն դրամ։
Արփինե Սարգսյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, վերստին փոխանցել է իր սկզբունքային մոտեցումները՝ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ դրսևորել ծայրահեղ անհանդուրժողականություն։
ՆԳ նախարարը հանձնարարել է առավել ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները ֆիզիկական ու իրավաբանական անձանց ենթադրյալ հանցավոր գործունեության վերաբերյալ նոր փաստական տվյալներ ձեռք բերելու, ինչպես նաև պետությանն ու համայնքներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ։
Այս համատեքստում նախարար Սարգսյանը կարևորել է գործընկեր կառույցների հետ սերտ համագործակցությամբ ապացուցողական անհրաժեշտ բազայի ստեղծումը։
ՆԳ նախարարը վարչության անձնակազմին հանձնարարել է սերտ համագործակցել Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ կարևորելով օպերատիվ տեղեկությունների փոխանակումը, դրանց համատեղ մշակումը, վերլուծությունները, ինչպես նաև պարբերաբար տրամադրել մասնագիտական-մեթոդական աջակցություն։
Քննարկման առարկա են դարձել նաև աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն միտված մի շարք հարցեր։