Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայաց...

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի տեղեկացմամբ՝  նախագծով փոփոխություններ են առաջարկվում օրենսգրքի 443-րդ և 444-րդ հոդվածներում: Նշված հոդվածները վերաբերում են ապօրինի հարստացմանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելուն կամ հայտարարագիր չներկայացնելուն: Փոխնախարարի խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման ինստիտուտի ներդրմամբ: Գործնականում տարակերպ մեկնաբանման դաշտ է ստեղծվել, թե ՊԵԿ հայտարարագրեր չներկայացնելու կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կարո՞ղ է արդյոք գործել 444-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունը:

Նախագծի ընդունմամբ  նախատեսվում է հստակեցնել հանցակազմերի սուբյեկտի շրջանակը, կանխել գործնականում առաջացող լայն մեկնաբանությունների և հակասությունների ռիսկերը հանցակազմի օբյեկտի և սուբյեկտի հետ կապված:

Հարակից զեկույցում պատգամավոր  Լիլիթ Մինասյանը պարզաբանել է, որ նախագիծը չի վերաբերում  հանրության լայն շերտերին: Կարգավորումը վերաբերում է այն անձանց, որոնք պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին. այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: