Կորեական թերակղզում ստեղծված բարդ իրավիճակը կ...

Կորեական թերակղզում ստեղծված բարդ իրավիճակը կարող է հանգեցնել «ամենաավերիչ ջերմամիջուկային պատերազմի»։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որի խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

«Դեռ երբեք Կորեական թերակղզում հակամարտող կողմերը նման վտանգավոր և սուր առճակատման մեջ չեն եղել, այնպիսի իրավիճակում, որը ցանկացած պահի կարող է վերաճել ամենակործանարար ջերմամիջուկային պատերազմի»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացմանը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ԿԺԴՀ-ին միայն համոզել են, որ Վաշինգտոնի թշնամական քաղաքականությունը չի փոխվի:Կիմ Չեն Ընը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծացնում է ճնշումը և սադրանքների մակարդակը՝ տեղակայելով իր «հսկայական ռազմավարական ակտիվները» և իր դաշնակիցների ուժերը, ընդլայնելով ռազմական դաշինքների համակարգը միջուկային զենքի համատեղ օգտագործմամբ «հանուն իր արբանյակների վրա իր գերակայությունը պահպանելու և ամրապնդելու» և ԿԺԴՀ-ի հզորության աճը զսպելու համար: