Կարծում եմ՝ պետք է խոշոր սարքավորումների մեծ գնումների դեպքում կարելի է հավելյալ սուբսիդավորել տոկոսադրույքը՝ պայմանով, որ այդ սարքավորումների շահագործման վերաբերյալ գիտելիքը տարածվելու է կրթական համակարգում, մասնավորապես, առողջապահության ոլորտում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արտադրողականության խթանման նպատակային ծրագրի քննարկման ժամանակ:
«Այսինքն, երբ սարքավորման մոնտաժի ժամանակ գալիս է մասնագետը և մոնտաժի ժամանակ թրեյնինգ է անցկացնում, թե ոնց պետք է օգտագործել սարքը, այդ թրեյնինգի ժամանակ մասնակցեն նաև մեր ուսանողները։
Կարծում եմ՝ առողջապահության ոլորտում սա շատ ակտուալ է, որովհետև ամեն օր նոր սերնդի սարքավորումներ են գալիս, և պետք է հասցնենք կրթական համակարգը համարժեք քայլի:
Ես կարծում եմ՝ պետք է մտածենք այս ուղղությամբ, թե չէ այդ սարքավորումների հետ եկող գիտելիքն էլ մոնոպոլիզացվելու է ու մենք այն էֆեկտը չենք ստանալու, որը ցանկացել ենք ստանալ: մասնավորապես առողջապահության հետ կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի մենք այդ խթանների համակարգը մի քիչ ճշգրտենք, որ այս միջոցառման էֆեկտը մտնի նաև կրթական համակարգ»,-ասաց նա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համաձայնեց այդ դիտարկմանը՝ նշելով, որ առողջապահության ոլորտում տեղում պետք է գեներացվեն այդ գիտելիքը և հմտությունները:
Նշենք, որ Ավանեսյանը ձայնը կտրված էր եւ նա կառավարության նիստին մասնակցում էր դիմակով: Նա ներողություն դրեց ձայնը կտրված լինելու համար, ինչին փոխվարչապետը կատակով արձագանքեց. «Ուրեմն, ծրագիրը լավը չէ, սարքավորում չկա, որը նախարարի ձայնը կապահովեր»:



