Կիեւը պատասխանեց Երեւանի ռուսամետ կեցվածքին

Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընտրությունը շնորհավորում էր ուկրաիներենով եւ «վարպետության դասեր տալիս», թե ինչպես պետք է պահել իրեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելիս, (ասենք կոնյակը թեւատակին խփած ․․․), այսօր Բաքվում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում արդեն Զելենսկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղյան հակամարտությանը, ըստ էության ասելով, որ Կիեւը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Բաքվին։

Ուկրաինական «УНН»-ի փոխանցմամբ, Զելենսկին մասնավորապես ասել է․ «Այսօրվա մեր զրույցի կարեւոր թեմաներից է ռեգիոնալ եւ ազգային անվտանգության ապահովումը։ Խոսքը նախ եւ առաջ Արեւելյան Ուկրաինայում ընթացող պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության մասին է։ Մենք մշտապես աջակցում ենք մեկմեկու տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնման հարցերով՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Այս հայտարարությունից հետո, թե Նիկոլ Փաշինյանի ուկրաիներենով շնորհավորանքը քանի կոպեկի արժեք կունենա, դժվար է ասել, սակայն պարզ է մի բան, որ նույնիսկ երգիծական դերասան (ուկրաինական «Կարգին Հայկո») Վլադիմիր Զելենսկին սկսել է գիտակցել իր երկրի շահը։

Մեծ հաշվով այսպիսի հայտարարությունից զարմանալ պետք չէ, որովհետեւ Ղրիմն ու Սեւաստոպոլը կորցրած, Արեւելյան Ուկրաինան կորցնելու սպառնալիքի տակ հայտնված Ուկրաինայի նախագահը չէր կարող այլ բան հայտարարել։ Նա օրինակ երբեք չէր հայտարարի ազգերի ինքնորոշման կամ ժողովուրդների իրավահավասարության իրավունքը պաշտպանելու մասին։

Հակառակ պարագայում դա կնշանակեր լեգիտիմացում այն ամենի, ինչի դեմ պայքարում է Կիեւը։ Բացի այդ, սա նաեւ դեմարշ է Երեւանին, ՄԱԿ-ում հակառուսական բանաձեւերին դեմ քվեարկելու եւ Մոսկվային աջակցելու համար։