Ռուսական բանակը հուլիսի 2-ի գիշերը հարվածային անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով զանգվածային հարձակում է գործել Կիևի վրա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ։ Եվս 56 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է, հավելել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։ Նա նշել է, որ վնասներ և ավերածություններ են գրանցվել քաղաքի բոլոր շրջաններում՝ ավելի քան 30 վայրում։
Դառնիցկի շրջանում մասամբ ավերվել են 5, 9 և 16 հարկանի շենքեր, իսկ Պեչերսկի և Դեսնյանսկի շրջաններում՝ երկու 9 հարկանի շենք։ Բացի այդ, Սվյատոշինսկի շրջանում վնասվել են երկու առանձնատուն, իսկ Շևչենկովսկի և Գոլոսեևսկի շրջաններում հրդեհվել են 7, 5 և 16 հարկանի բնակելի շենքեր։
Բացի այդ, Շևչենկովսկի շրջանում բռնկվել է հյուրանոցային շենք, իսկ Օբոլոնսկի շրջանում այրվել է պահեստի տարածքը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ ռուսական հարձակման հետևանքների վերացման վրա աշխատում են 570 փրկարար և ավելի քան 120 միավոր տեխնիկա։
ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ ռուսական զորքերը Ուկրաինայի դեմ զանգվածային հարված են հասցրել «բարձր ճշգրտության զենքով» և անօդաչու սարքերով՝ «ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ կիևյան ռեժիմի ահաբեկչական հարձակումների»։
Ինչպես պնդում է ռազմական գերատեսչությունը, հարձակման հետևանքով խոցվել են ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներ Կիևում, Կիևի մարզում, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքը Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերում։
Ռուսական հարձակման ֆոնին Լեհաստանի զինված ուժերը կործանիչներ են բարձրացրել օդ։ Զորքերի օպերատիվ հրամանատարությունում նշել են, որ այդ միջոցառումը կրում է կանխարգելիչ բնույթ և ուղղված է անվտանգության ապահովմանն ու օդային տարածքի պաշտպանությանը։
Դրանից առաջ՝ հունիսի 2-ին, Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իրականացրել էր զանգվածային հրթիռա-դրոնային հարված։ Այդ ժամանակ էլ հարվածներ էին հասցվել քաղաքի մի քանի շրջանների բազմահարկ բնակելի շենքերին։ Արդյունքում զոհվել էր վեց մարդ, 64-ը վիրավորվել էին, այդ թվում՝ երկու երեխա։ Մայիսի 24-ին Ռուսաստանը Կիևի վրա հարձակվել էր դրոններով և հրթիռներով։ Զոհվել էր երկու մարդ, ավելի քան 50-ը, այդ թվում՝ երկու երեխա, տուժել էին։



