Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Me...
Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վահրամ Բ.-ի վարած Mercedes մակնիշի և 61-ամյա Աշոտ Բ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Աշոտ Բ.-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա.-ն և 22-ամյա Գրիգոր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հերթապահ խմբերը: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներ Էրիկ և Գրիգոր Ա.-երը հարազատ եղբայրներ են: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ճանապարհը ամբողջովին փակվել էր, ու տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում պարեկները: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։