Խոշոր ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ հատվածում՝ կամրջի սկզբնամասում, բախվել են 25-ամյա Երևանի Գոռ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Միսակ Հ.-ի վարած Lexus մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 39-ամյա Քրիստինե Մ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հարամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը տեղում սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անահիտ Ասատրյանն ու Արթուր Համբարձումյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությանն Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։