Խորհրդարանական ընդդիմությունը, առնվազն մենք,...

Բացարձակ որևէ խնդիր Հանրապետական կուսակցության հետ չունենք, ունենք մեկ թիրախ, մեկ օրակարգ՝ այս իշխանության հեռացումը, իսկ թե ինչ գործողություններ կլինեն, այդ մասին կհայտարարենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այն տպավորությունը, որ փորձում են որոշները ստեղծել, թե խորհրդարանական ընդդիմությունը հաշտ է այս իրավիճակի հետ, այլևս ոչինչ հնարավոր չէ անել, գնում ենք հերթական ընտրությունների, առնվազն մենք այդպես չենք մտածում և չենք կարծում՝ այս իշխանությունը պետք է հասնի 2026 թվական»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց կառավարության օրակարգում չկա, Սաղաթելյանն ասաց, որ իր համար այդ հայտարարությունը զարմանալի չէ, այլ նաև օրինաչափ է:

«Արարատ Միրզոյանը նաև ծանր ակնարկ արեց, որը Թուրքիայի խոսույթն է՝ նման հարցերը թող պատմաբանները քննարկեն: Արարատ Միրզոյանից և Նիկոլ Փաշինյանից այլ բան սպասել հնարավոր չէ: Երբ ասում են՝ դա պատմական անցյալ է, ապա հիշեցնեմ՝ մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, ցեղասպանություն: Նա այդ մասով էլ հայտարարեց, որ օրակարգ չունեն:

Իրենց և Ալիևի խոսույթը վաղուց չի տարբերվում: Երկու տեղ են ասում, որ Արցախի հարցը լուծված է, հակամարտության էջը՝ փակված՝ էրդողանը և Բայրամովը,  Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը: Սրանց ուրացման քաղաքականությունը շարունակվում է և գնալով ավելի է խորանալու»,- շեշտեց Սաղաթելյանը: