Երեկ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրող դատախազների միջնորդությունը։ Նաև որոշեց վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին։ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց:
Politik.am-ը թեմայի շուրջ զրուցել է Ռոբերտ Քոչարյանի աջակից, «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության անդամ Սիրանուշ Սերոբյանի հետ, ում համար դատարանի որոշումը սպասելի է եղել՝ հաշվի առնելով նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախորդ օրվա հարցազրուցում արած հայտարարությունը:
Սերոբյանը որոշման սպասելի լինելու համար մեկ այլ պատճառ էլ է նշում.«Այս ողջ ընթացքում դատարանը չէր լսում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին, իսկ դա անարգանք էր Ռոբերտ Քոչարյանի, նրա պաշտպանական խմբի ու մեր՝ աջակիցներիս նկատմամբ»:
Սերոբյանն ընդգծում է՝ աջակիցները բազմիցս նշել են, որ դատական համակարգի վրա կան ահռելի ճնշումներ իշխանական թիմի կողմից, և այս ամենը դրա վառ ապացույցն էր.«Քոչարյանի կալանավորումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դատավորները ճնշումների են ենթարկվում, ու մենք այսօր չունենք ազատ, անկախ և օբյեկտիվ դատական համակարգ»:
Ըստ Քոչարյանի աջակցի՝ խնդիրը ոչ միայն դատարանի ու դատավորների մեջ է, այլև ուղղորդումների: «Այս ամենը, երկար ժամանակ է, դուրս է եկել իրավական դաշտից և քաղաքական կոնտեքստում է: Եթե հարցը քննվեր իրավական ենթառեստում, ապա Ռոբերտ Քոչարյանն այժմ կգտնվեր ազատության մեջ, իսկ մեղավորներին իշխանությունը պետք է փնտրի իր շարքերում»,-նշում է Սերոբյանը:
Հարցին՝ իշխանության հայտարարած վեթինգը կարո՞ղ խնդրի լուծում լինել, Սիրանուշ Սերոբյանը պատասխանում է.«Չակերտավոր վեթինգը, որ ուզում են մտցնել արդարադատութայան համակարգը փոփոխության ենթարկելու համար, միֆային եզրույթ է: Վեթինգից առաջ պետք է նախ գիտակցեն, որ դատական համակարգը պետք է զերզ լինի ճնշումներից և ուղղորդումներից: Իսկ փոփոխությունների համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք, բայց ահռելի ճնշումներն ու կողմնակալությունը բույն են դրել դատական համակարգում»:
Մեր դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ Ռոբերտ Քոչարյանին աջակցում են գումարի դիմաց, Սիրանուշ Սերոբյանը պատասխանում է.«Դրանք ամբողջը զրպարտություններ են, ու սա հանրությանը հրամցվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից: Աջակիցներից որևէ մեկն այստեղ ֆինանսի համար չէ: Նման հայտարարություններ անում են, որ մեր վարկանիշն իջնի, բայց, այնումանենայնիվ, Քոչարյանի վարկանիշը բարձրանում է, իսկ իշխանության վարկանիշն անկում է ապրում: Ես չեմ հավատում, թե մեր մեջ կա մեկն, ով այս եղանակային պայմաններին ինչ-որ վճարի դիմաց այդքան ժամ կկանգնի, մարդիկ այդ ժամին նույնիսկ չեն աշխատում, իսկ մենք համառորեն կանգնում ենք մեր առաջնորդի կողքին: Մենք ուզում ենք, որ արդարություն լինի»:



