Մեզ մոտ քննարկվում են տարբեր սցենարներ, որոնք վերաբերում են գործողությունների համարժեքությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հետեւաբար, ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը, որոնք կներկայացվեն հանրությանը: Բոլոր քայլերը վերաբերում են Հայաստանի, Արցախի շահերից բխող գործողություններին: Այո, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման դեպքում մեր քաղաքական համարժեք արձագանքին»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով, որ հարձակում կա նաեւ Հայաստանի տարածքի վրա, Մակունցն արձագանքեց. «ՀԱՊԿ-ին դիմելու հարցը ԱԺ տիրույթից դուրս է, այն ինչ մեր լիազորությունների շրջանակում է, շփումները մեր միջազգային գործընկերների հետ, բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են թե պատգամավորների, թե պատվիրակությունների, թե բարեկամական խմբերի հետ: Այն ուղերձները, որ մշակել ենք, բոլոր կապուղիներով՝ պաշտոնական կամ անձնական, հասցնում ենք մեր գործընկենրենրին հնարավորինս բաց եւ ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու համար»:



