«Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հակված չէ հավատալու, որ Երևանի քաղաքային իշխանությունը մաքուր ձեռքերով է աշխատում։ Նա այս համոզումն ունի, որովհետև գնումներից մեկի մասով բացահայտել է խիստ կասկածելի գործարք»,- այս մասին ասված է մամուլի հրապարակումներից մեկում.
Թաղապետը անդրադարձել է ՌԴ-ից մեկ անձից գնում իրականացնելու միջոցով քաղաքապետարանի կողմից վերջերս ձեռք բերված թվով 5 «Կամազ» մակնիշի աղբահավաք ավտոմեքենաներին և այս գործարքով մոտ 60 մլն դրամի տարբերություն է բացահայտել:
«Ես՝ որպես մասնավոր անձ, անձամբ դիմել եմ ռուսական «Կամազ» ընկերությանը, 5 կամազների գնման համար գին եմ հարցրել, առաջարկել եմ գործարք՝ որպես տնտեսվարող, ընդամենը այդքանը, և առանց ավելացված արժեքի հարկի այդ «Կամազ»-ների ընդհանուր արժեքն ինձ առաջարկվեց մոտ 60 մլն դրամով պակաս, քան Երևանի քաղաքապետարանն է գնել»,- պատմել է նախկին թաղապետը` հարց ուղղելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ո՞ւր են մեր փողերը, ի՞նչ եղավ այդ 60 մլն դրամը, որ ավել է վճարվել»:
Politik.am-ը այս մասին խոսեց Երևանի ավագանու Լույս դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, ով բազմիցս անդրադարձել է քաղքապետարնի կողմից Կամազների գնման խնդիրն` մատնանշելով, որ մեքենանարը կարող էին ձեռք բերվել ավելի ցածր գնով:
«Այս մտահոգությունը ես ունեցել եմ նախկին 9-ի և գնվելիք 24 կամազների պարագայում, վերջերս ձեռք բերված 5-ի դեպքում հաշվարկներ չեմ արել, բայց ակնհայտ է, որ գնի հետ կապված խնդիր կա: Նշված 9 և 24 կամազների մասով հայտարարել էի, որ երկուսի դեպքում էլ գինը որոշակիորեն ուռճացված է եղել, և քաղաքը գումար է կորցրել»,- ասաց Խաժակյանը:



