Այս պահին ես չեմ կարող ասել՝ կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Տեքստը պատրաստ է: Տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու: Մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն: Բայց դուք գիտեք նաև՝ Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի, լեգիտիմ նախապայման չէ»,-ասել է Խանդանյանը:
Լրագրողի այն հարցին, որ Սահմանադրությունը նկատի ունի՞, Խանդանյանը պատասխանեց, այո:
«Ես նորից եմ ասում, անկլավների հարցը սահմանազատման հարց է ամբողջությամբ, իսկ խաղաղության պայմանագրի մասով ես չէի ասի, որ փակուղային իրավիճակ է, որովհետև 1 տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնումն էր համարվում փակուղային»,-ավելացրել է Խանդանյանը:



