Հայաստանի ներկա և նախորդ իշխանությունները հասցրել են հանրությանը զարմացնել իրեն ցոփուշվայտ կյանքով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նախորդների ժամանակ, և հիմա էլ, իշխանավորներն իրենց պաշտոնավարումը պատկերացնում են որպես անձնական բարեկեցություն ապահովելու միջոց։ Սա է պատճառը, որ տարածքով ու բնակչությամբ փոքր մեր հանրապետությունը բառիս բուն իմաստով դարձել է «պադավատապետությունը»։ Կա հազարից ավել «պադավատ» մեքենա, ուղղաթիռ, ինքնաթիռ, բայց որքան էր մեր զարմանքը, երբ իմացանք, որ կա նաև «պադավատ» վերելակ։
Օրերս Զաքյան փողոցի շենքերից մեկում նկատեցինք արտաքին վերելակ, որի մուտքը փողոցից էր։ Տարօրինակ այս վերելակը մուտք ու ելք ուներ միայն առաջին և վեցերրորդ հարկերում։ Շենքը, ըստ ամենայնի, կառուցվել է 90-ականներին։ Ժամանակի «պուզատիներից» մեկը որոշել է տարբերվել շենքի բնակիչներից և իր անձնական վերելակն է կառուցել։ Որքան էր մեր զարմանքը, երբ պարզեցինք, որ բնակարանը, որտեղ բարձրանում էր վերելակը, պատկանում է ՀՀ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Հետաքրքիր է, թե երբ է կառուցվել այս վերելակը Խաչատուրյանի տան համար․ եթե 1992-96 թվականներին, երբ նա եղել է Երևանի քաղաքապետ, ապա այստեղ կարող է լինել նաև պաշտոնական դիրքի օգտագործում սեփական կարիքների համար, իսկ եթե կառուցվել է իր՝ քաղաքապետ լինելուց հետո, ապա հարց է առաջանում, թե որտեղից համեստ կյանքով ապրող Խաչատույանին միլիոնավոր դրամներ, որոնցով կառուցվել է վերելակը։ Հարցերը կստանան պատասխաններ, թե ոչ, դա ժամանակ ցույց կտա, բայց միայն վերելակի առակայությունը ցույց է տալիս այս գործչի մարդկային տեսակը՝ մարդը կառուցել է վերելակ և արել է այնպես, որ դրանից միայն ինքն ու իր ընտանիքի անդամները կարողանան օգտվել։ Շատ նման է բակում միակ գնդակն ունեցող պոնչո թշերով երեխայի, որը իր միակ առավելությունը համարում է գնդակ ունենալը և դրանով խաղալու հաճույքը չի կիսում բակի իր տարեկից մյուս երեխաների հետ։



