ԿԳՄՍՆ-ում քննարկվել են մարզադպրոցների խնդիրնե...

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հանդիպում է ունեցել ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մարզադպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտում առկա խնդիրները, գնահատել իրականացված աշխատանքները և միասին ձևակերպել հետագա անելիքները։

Հասմիկ Ավագյանը նշել է, որ այցեր է իրականացրել մի շարք մարզադպրոցներ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, քննարկելու առկա խնդիրներ և դրանց լուծումները.

«Մարզադպրոցի տնօրեններին դիտարկում ենք՝ որպես առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտի զարգացման  հարցերում սրտացավ մարդիկ։ Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի մարզադպրոցների դերի ամրապնդումը՝ հատկապես հանրակրթական դպրոցների և համայնքների հետ համագործակցության միջոցով։ Այսօր դեռ շատ ծնողներ բավարար տեղեկացված չեն, որ մարզադպրոցներում ուսուցումը լիովին անվճար է, և բոլոր ծախսերը՝ ներառյալ մարզիչների աշխատավարձերը, հոգում է պետությունը։ Սա միասին պետք է շտկենք՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը և խթանելով երեխաների ներգրավվածությունը սպորտում»,– փոխնախարարի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ տարբեր մարզադպրոցներ կատարած այցերի ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ գործառույթների կատարման հետ կապված: Հասմիկ Ավագյանն ընդգծել է՝ անհրաժեշտ է առավել հետևողական լինել թերացումների վերացման հարցում, սակայն, միաժամանակ, խրախուսել է այն տնօրեններին և մարզիչ-մանկավարժներին, որոնք ազնվորեն և նվիրվածությամբ են կատարում իրենց աշխատանքը.

«Մեր նպատակը մեկն է՝ միասին կառուցել ավելի արդյունավետ, առողջ և գործուն համակարգ, որտեղ մարզադպրոցը կլինի սպորտի զարգացման ամուր հիմքը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերել են մրցումների մասնակցության դեպքում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրին, մարզական հավաքների կազմակերպման ֆինանսավորմանը, մարզիչ-մանկավարժների աշխատավարձերի բարձրացման մեխանիզմներին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացին։

Հասմիկ Ավագյանը տեղեկացրել է՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում, և այս առումով շատ կարևոր են մարզիչ-մանկավարժների և նաև տնօրենների մասնագիտական դիտարկումները՝ դրույթների լավարկման և բարելավման նպատակով: 

Նախարարի տեղակալը հորդորել է տնօրեններին ակտիվորեն ներկայացնել իրենց առաջարկները ԿԳՄՍ նախարարություն՝ ընդգծելով, որ ոլորտի բարելավումը պահանջում է համատեղ և շարունակական աշխատանք։