
Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս, որ դուք գնաք ու հետ նայեք, տեսնեք՝ ինչ էր կատարվում մեր դպրոցներում մինչև 2018 թվականը, եթե հիշողությունը թարմացնելու կարիք ունեք: Առնվազն անհարմար եմ համարում գալ ու խոսել կուսակցական քարոզից այն դեպքում, երբ դպրոցի տնօրեններին իրենց ցանկության կամ առանց դրա, ստիպում էին ցուցակներ հավաքել, դառնալ ընտրակեղծիքների ակտիվ մասնակից: Ամբողջ կրթական համակարգը խեղել էին: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրենի հանրային հնչեղություն ստացած հարցին՝ այն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կաթողիկոսից Վեհարանն ազատելու գրառմանը սոցիալական ցանցի իր էջով հավանություն տալուն, ԿԳՄՍ նախարարն ասել է.
««Հանրակրթության մասին» օրենքում հստակ ամրագրված է և «Կրթության մասին» օրենքից բխող են նաև այդ փոփոխությունները, որտեղ ուսումնական հաստատություններում քաղաքական և կրոնական գործունեությունը արգելված է: Մենք խստացրել ու հստակեցրել ենք այդ պահանջները՝ տնօրենի քաղաքական զսպվածության պահանջով նաև, և դա մեզ համար շատ կարևոր է», - ասել է Ժաննա Անդրեսայանը, հավելելով՝ հաշվի առնելով նաև, որ առաջիկայում մեզ սպասվում են ընտրություններ, այս առիթը օգտագործելով, ուզում եմ ևս մեկ անգամ հստակ հայտարարել՝ կրթության ոլորտի մարդիկ պիտի կրթական հաստատություններում զբաղվեն կրթության գործընթացով և ցանկացած բան, որը խաթարելու է այս տրամաբանությունը, ստանալու է շատ խիստ հակազդեցություն, ընդհուպ մինչև այդ մարդկանց աշխատանքից ազատումը։
Նա նշել է, որ այդ դեպքի հետ կապված համապատասխան պարզաբանման համար դիմել են Երևանի քաղաքապետարան և ստացել ենք քաղաքապետարանի պարզաբանումն առ այն, որ իրենք արել են համապատասխան ուսումնասիրությունը և օրենքի հետ հակասություն չեն հայտնաբերել, միևնույն ժամանակ նշելով, որ տնօրերին նախազգուշացում է եղել:
«Հորդորում եմ մեր բոլոր տնօրեններին զբաղվել իրենց գործով, այլ բան չունեմ ասելու», - եզրափակել է ԿԳՄՍ նախարարը։