Կես տարվա զինծառայող Նարեկ Թորոսյանը տան միակ...

Նախօրեին մահացած ժամկետային զինծառայողը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում։ Այս մասին հայտնում է համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։

«Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ  կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։ Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,– գրել է նա։

Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, բնակվում էր իրենից փոքր 2 քույրերի եւ ծնողների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին մահացած զինծառայողի հարևանները։ Նրանք պատմեցին, որ Նարեկը 6 ամսվա ծառայող էր, Արմավիրի ուսումնական զորամասում էր ծառայում, վերջերս էր արձակուրդ եկել, որից հետո տեղափոխվել  Ճամբարակի զորամաս։  Նրանք նաև տարբեր վարկածներ էին առաջ քաշում. մի մասը ասում էր որ կրակոցից է մահացել, իսկ մեկ այլ վարկածն էլ այն էր, որ կախված են հայտնաբերել զինծառայողին։

Միաժամանակ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

ArmLur.am-ի  տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի, մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։

Հիշեցնենք, որ նախօրեին քննչական կոմիտեն էր հայտնել զինծառայողի մահվան մասին, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել, իսկ պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որեւէ տեղեկատվություն չի հայտնել դեպքի վերաբերյալ։