Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանում երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող Արթուր Վանեցյանը և իր քաղաքական թիմը հայտնվել են երկրում ընթացող գործընթացների լուսանցքում։

Արթուր Վանեցյանը, որ անգամ Փաշինյանի կառավարությունից դուրս գալուց հետո բավական մեծ վարկանիշ ուներ և շատերի համար, առնվազն մինչև 2020 թվականի պատերազմը գործող իշխանության միակ այլընտրանքն էր` այս ընթացքում ամեն բան արել է, որպեսզի հայտնվի այնտեղ որտեղ հիմա գտնվում է։

Նախ 2020 թվականի պատերազմից հետո նա միացավ նախկին նախագահների թիմերին և սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ տարի առաջ հենց իր ղեկավարած կառույցն էր հետապնդում նախագահներին ու իրեն թիմակիցներին (այստեղ անգամ կարևոր չէ, թե կողմերից ով էր ճիշտ և ով սխալ)։ Սրանով Վանեցյանը 2018 թվականի իշխանափոխությանը մասնակցած քաղաքացիների հետ իր կապը կտրեց ու դարձավ նույնքան նախկին, որքան մինչև 2018 թվականը իշխանության եղած գործիչները։

2021 թվականի ԱԺ ընտրություններին նա ավելի հեռուն գնաց և արդեն քաղաքական դաշինք կազմեց ՀՀԿ-ի հետո, գլխավորեց մի ցուցակ, որում կային գործիչներ, ում ինքը` Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ պետ եղած ժամանակ մեղադրել էր ժողովրդին թալանելու մեջ։ Նախընտրական պրոցեսի ամբողջ բեռը դրված էր հենց Վանեցյանի վրա, բայց 7 հոգանոց խմբակցությունում միայն ինքն էր Հայրենիք կուսակցության ներկայացուցիչը։

2021 թվականի ընտրություններից հետո Արթուր Վանեցյանի դերն առավել նվազեց, քանի որ քաղաքական գործընթացներին արդեն բաց մասնակցում էին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Արդեն 2022-ին, երբ ընդդիմադիր Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները քննարկում էին փողոցային պայքար սկսելու միտքը և մի քանի օր անց պետք է հայտարարեին պայքարը սկսելու մասին` Արթուր Վանեցյանը նրանցից առանձին իջավ Ազատության հրապարակ և սկսեց նստացույց իրականացնել։ Սկզբում տպավորություն էր, որ նա կարող է հասարակության ընդդիմադիր հատվածը համախմբել, սակայն մի քանի օր անց, երբ Դիմադրություն շարւժումը սկսեց իր նախապես պլանավորած փողոցային ակցիաները` Արթուր Վանեցյանը միացավ նրանց, իսկ երբ շարժումը մոտ էր գահավիժման` Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ առանձնանում է այդ պայքարից և ըստ ամենայնի փորձեց խուսափել տապալման պատասխանատվությունից։

Վանեցյանն, ըստ ամենայնի, առանձնանալով ցանկանում էր առանձին բևեռ ձևավորել և մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը պետք է այս աշնանը կայանար, բայց օրերս իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ընտրությունները մեկ տարի հետո կկայանան։  Ավինյանի հայտարարությունից հետո խորհրդարանից և ընդդիմադիր ամենամեծ շարժումից հեռացած Վանեցյանի համար խաղի դաշտ չմնաց։

Վանեցյանի քաղաքական գործունեությունը կարծում ենք պետք է հատուկ ուսումնասիրության արժանանա և գիտական աշխատություններ պետք է գրվեն, որպեսզի Հայաստանի, գուցե նաև աշխարհի քաղաքական գործիչները  գիտականորեն հիմնավորված ուղեցույց ունենան, որը պարզ ցույց կտա, թե ինչ չպետք է անեն քաղաքական գործիչները կամ ինչպես ամենաբարձր վարկանիշ ունեցող գործչից՝ ինքնակամ չդառնալ  քաղաքական լուսանցքում հայտնված գործիչ։ Ժողովրդական խոսքով ասած, ինչպես անել, որ կարկուտը ծեծած տեղը չծեծի։