Կարեն Կարապետյանը եկել է եւ խոսել է Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են եւ հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ, որ բացառվում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Փաշինյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն, ինչին ինքը չի համաձայնել։
«Խոսվում է դեսպանների մասին։ Ես հեղափոխության ժամանակ հատուկ դեսպանների հետ հանդիպում եմ արել։ Իրենք հանդիպում են ուզել ինձնից, որի նպատակը եղել այն, որ ինձ ասել են՝ մենք կարող ենք աջակցել։ Ես ասել եմ՝ անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիքը չունեմ, որպեսզի ՀՀ–ում մեր քաղաքական օրակարգը առաջ մղեմ։ Այսինքն ցանկացած թեմա, որ ինչ–որ մի դեսպանի միջոցով ինչ–որ մի առաջարկ է արվել, դա ի սկզբանե սուտ է։
Հիմա շատ լավ առիթ է, որ պատմեմ, թե ինչ է եղել բանտում Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ։ Կարեն Կարապետյանը եկել է և խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Թորձ է արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են, եւ հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ես ասել եմ՝ ոչ։
Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որեւէ մեկի հետ որեւէ ակնարկ կամ խոսակցություն տեղի չի ունեցել։ Ընդհանրապես որեւէ պաշտոնի մասին որեւէ մեկի հետ խոսակցություն չի եղել։ Ես թույլ չէի տա, որ այդպիսի խոսակցություններ լինեին։ Ես բացառում եմ դա»,–ասաց նա։



