Կառավարությունը հավանություն տվեց «Սևծովյան ա...

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg NEXT ծրագրի» ֆինանսավորման համաձայնագրին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ի հունիսի 28-ին, ապրիլի 16-ին և ապրիլի 9-ին ստորագրվել է «Սևծովյան ավազանի Interreg Next» 2021-2027թթ. դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը, որի նպատակն է խթանել երկարատև անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան ավազանի երկրների միջև կանաչ և կապույտ տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, տարածքային զարգացման, հետազոտությունների իրականացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման ուղղություններով: Նախագծերը, որոնք ունեն հստակ միջսահմանային համագործակցության ազդեցություն և արդյունք, ունակ են ապահովելու իրենց գործողությունների կայունությունը և սիներգիան նույն բնագավառում այլ գործողությունների հետ համատեղ՝ կարող են ստանալ ֆինանսավորում Ծրագրի շրջանակում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72 մլն 275 հազար 137 եվրո (մասնակից բոլոր երկրների համար), որտեղից ԵՄ դրամաշնորհային ֆինանսավորումը կազմում է ամբողջի 90%-ը և տրամադրվում է Ծրագրի շրջանակում ընտրության փուլերն հաջողությամբ անցած մասնակից երկրների իրավաբանական անձանցից կազմված կոնսորցումների ներկայացրած ծրագրերին:

Ինչ վերաբերում է մնացած 10%-ին ապա, այն ենթադրում է մասնակից պետության կողմից համաֆինանսավորում:

Այս առումով Ծրագրին ՀՀ մասնակցությունն իրականացվելու է բնաիրային հատկացումների տեսքով, որը «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի իմաստով չի համարվում ֆինանսական պարտավորություն՝ ենթադրելով Ծրագրի՝ ազգային համակարգման և կառավարման գործում ընդգրկված պետական մարմինների համապատասխան աշխատակիցների աշխատավարձը միայն:

Ծրագիրն ունի շրջանակային բնույթ, առանձին ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվելու Սևծովյան տարածաշրջանի շահառու երկրների հետ (Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա), իսկ դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են տարածաշրջանի երկրների մասնակցությամբ համատեղ նախագծերի ֆինանսավորմանը:

Ծրագիրն ընդհանուր առմամբ ուղղված կլինի նորարարական և խելացի տնտեսական վերափոխմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը, ինչպես նաև ավելի կանաչ, ցածր ածխածնի՝ դեպի զուտ զրոյական ածխածնային տնտեսություն և մաքուր ու վերականգնվող էներգիայի անցմանը, կանաչ և կապույտ ներդրումների ու շրջանաձև տնտեսության խթանմանը, կլիմայի փոփոխության մեղմացմանը և հարմարեցմանը, ռիսկերի կանխարգելմանը և կառավարմանը և կայուն քաղաքային շարժունակությանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.

  1. Հետազոտական և նորարարական կարողությունների զարգացում և ընդլայնում, առաջադեմ տեխնոլոգիաների կիրառում,
  2. Կլիմայի փոփոխության հարմարվողականությանը, աղետների ռիսկերի կանխարգելմանը և էկոհամակարգի պահպանմանն ուղղված մոտեցումների կիրառում,
  3. Բնության, կենսաբազմազանության և կանաչ ենթակառուցվածքների պաշտպանության և պահպանման ուժեղացում՝ այդ թվում նաև քաղաքային տարածքներում, աղտոտվածության բոլոր տեսակների նվազեցում:

Ծրագրի շահառու կարող են լինել պետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնադրամները, հասարակական կազմակերպությունները, առևտրային պալատները, ակադեմիական և կրթական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները: