![ԱԳ փոխնախարարը վստահեցնում է, որ ԵՄ-ին անդամա...](/imgs/posts/medium/2025/02/3ec51fa.png)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը վստահեցնում է, որ Երևանի իրականացրած քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ, և Հայաստանն ունի ու շարունակում է իր երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։
Վահան Կոստանյանն այս մասին հայտարարել է Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ:
«Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ: Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության»,-ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալը:
Նա նաև հիշեցրել է, որ շաբաթներ առաջ Հայաստանի ԱԳ նախարարը աշխատանքային այցով հյուրընկալվել էր Մոսկվայում և այնտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ էր ունեցել։
Վահան Կոստանյանը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Մոսկվա։ ԱԳ փոխնախարարն ասել է, որ այս պահին օրակարգում նման հարց չկա։
«Եթե նման այցեր նախատեսվեն, վստահաբար, կառավարության գործընկերները պատեհ պահին կիրազեկեն դրա մասին: Այս պահին օրակարգում նման բան չունենք»,-ասել է Կոստանյանը:
Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ էր քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։ Նախագծին կողմ էր քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ էր քվեարկել, իսկ «Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը։