Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ ջրի և ո...

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրին։

Համաձայնագրի նպատակն է Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել կլիմայի նկատմամբ կայունացված, բարելավված ոռոգման ծառայություններ և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ։

Ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող անցյալ նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է, որը կապահովի անհրաժեշտ քաղաքական, ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային բարեփոխումների ներդրում։

MPA–ն (Բազմափուլ ծրագրային մոտեցման) ներկայացնում է 10-ամյա ժամանակահատվածում իրականացվող ծրագիր՝ բաղկացած երկու փուլից, որը նպատակ ունի.

Ուժեղացնել ինստիտուցիոնալ կարողությունները, հատկապես՝ ջրառ և ջրօգտագործող ընկերությունների և տեղական կառույցների կարողությունների զարգացման միջոցով,

Ապահովել ծառայությունների ֆինանսական կայունություն՝ սակագնային բարեփոխումների, ծախսերի փոխհատուցման և մասնավոր հատվածի ներգրավման խթանման միջոցով,

Օգտագործել տեղային և մասշտաբայնացման մեխանիզմներ՝ նախքան լայնածավալ ներդրումների իրականացումը (piloting and scaling),

Ստեղծել բարենպաստ միջավայր մասնավոր ներդրումների համար։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից.

Ջրային ոլորտի բարեփոխում և կլիմայադիմացկուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում

Գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում

Ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում

Ծրագրի կառավարում

Ծրագիրը նախատեսում է համաֆինանսավորում Զարգացման ֆրանսիական գործակալության /Agence Française de Développement (AFD)/ կողմից՝ ընդգծելով միջազգային գործընկերների աճող հետաքրքրվածությունն ու վստահությունը նախագծի և Հայաստանի կառավարության ջանքերի նկատմամբ։