Կառավարությունը՝ դժվարին ընտրության առաջ. պետ...

Կառավարությունը շարունակում է գաղտնի պահել Ամուլսարի համալիր փորձաքննության եզրակացությունը:

Շաբաթներ առաջ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ  դեռևս չի ստացել եզարակացությունը: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ իրենք որոշակի հարցադրումներ ունեն. «Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ»,- գրել է Հարությունյանը:

Այսօր արդեն օգստոսի 5-ն է, բայց իշխանությունները շարունակում են լռել: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում բացակայում է Ամուլսարի համալիր փորձաքննության եզրակացություն խոստացված հայտարարությունը:

Մեր տեղեկություններով՝  իշխանությունները դժվարին ընտրության առաջ են կանգնում: Ըստ եզրակացության, լուրջ խնդիրներ չեն արձանագրվել ու կառավարությունը պարտավոր է թույլատրել հանքի շահագործումը, սակայն այստեղ կա պահապանների խնդիրը: Ամիսներ շարունակ նրանք փակ են պահում հանք տանող ճանապարհը, ու հիմա, եթե իշխանությունը որոշի թույլատրել հանքի շահագործումը, ապա պետք է ոստիկանական ուժ կիրառելով հեռացնի տարածքից ակտիվիստներին: Իշխանությունը չի ցանկանում ժողովրդավարի կերպարից դուրս գալ, բայց նաև չի ցանկանում նման խոշոր ներդրում կորցնել: Կարճ ասած՝ բարդ ընտրության առաջ են կանգնած: