Կառավարությունը Հայաստանի Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզպետարաններին 2022 թվականի բյուջեից 1 մլրդ 608 մլն դրամ հատկացրեց՝ 62 սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Նախագծով առաջարկվում է 46 համայնքների 62 սուբվենցիոն ծրագիր ֆինանսավորել»,- ասաց Սանոսյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարի հատկացմամբ կիրականացվեն ասֆալտապատման, փողոցների հիմնանորոգման, գազաֆիկացման և այլ աշխատանքներ:
Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով նախագծին, հայտարարեց, թե Հայաստանում ժողովրդավարության առումով շատ լուրջ առաջընթաց կա.
«Պետք է արձանագրեմ՝ շատ կարևոր է, որ այս առաջընթացը ոչ թե կառավարությունն է արձանագրում, այլ՝ միջազգային հանրությունը: ԵԽԽՎ-ում նախորդ շաբաթ ընդունվեց նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը: Այս հայտարարությունը քննարկվող նախագծի հետ կապ ունի այնքանով, որ, բարեբախտաբար, ՏԻՄ ընտրություններում հաղթում են ոչ միայն իշխող կուսակցության, այլև՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Երբեմն համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են՝ ի հեճուկս Կառավարության»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով` տպավորություն է, որ Կառավարությունը դիմադրում է, ընդդիմությունն էլ, հաղթահարելով այդ դիմադրությունը, բարեփոխումներ է անում:
«Ես կարծում եմ, որ այն համեստությունը, որ մենք այս ընթացքում ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հորդորեց մարզպետներին և կառավարության ներկայացուցիչներին, որ սուբվենցիոն ծրագրերի բովանդակությունը հստակ ներկայացնեն հանրությանը: