Թեհրանը կշարունակի բանակցել Վաշինգտոնի հետ, կողմերը փոխանակվել են առաջարկներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ԱՊՀ պետությունների գագաթնաժողովում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք երկխոսություն ենք վարում։ Սակայն ամեն անգամ, երբ մենք խոսում ենք ԱՄՆ-ի հետ, նրանք նորից հարձակվում են։ Այնուամենայնիվ, մենք չենք լքի բանակցային սեղանը»,- ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը և Վաշինգտոնը փոխանակվել են առաջարկներով։
«Մենք մեր ուղղումներն ենք մտցրել այդ առաջարկներում։ Դրանց վերջնական ձևակերպումից հետո մենք կնստենք և միջնորդների միջոցով կամփոփենք արդյունքները»,- հավելել է նա։



