Կառավարությունն ընդունեց Հայաստանի տնտեսական...

Կառավարությունն ընդունեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որը ներկայանում է որպես երկրի զարգացման ուղենիշ և  նպատակ ունի վերանայել ու ամրապնդել պետության տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները։ Փաստաթուղթը բաղկացած է 42 էջից և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։

Փաստաթուղթը հավանության արժանացավ Կառավարության հունվարի 8-ի նիստում։

Նախագծի զեկուցող, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ընդհանուր դիտարկումներ և մեկնաբանություններ արեց փաստաթղթի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դոկտրինն ուղենիշ է և հայտարարություն է կառավարության մտադրությունների մասին։

«Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը ներկայանում է որպես զարգացման ուղենիշ, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքն ու պետական ինստիտուտները»,-նշեց վարչապետը։

Նա կարևորեց, որ Կառավարության կողմից ընդունվող ռազմավարությունները և ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերը ճիշտ տեղում դրվեն պետության կառավարման համակարգում։

«Ռազմավարություններն առաջին հերթին մտադրությունների բարձրաձայնում են և անելիքների, պատկերացումների համախմբված դրսևորում։ Այս փաստաթուղթն այն մասին է, թե մենք հիմա որտեղ ենք գտնվում և դեպի ուր ենք ուզում շարժվել»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ անհրաժեշտ է ռազմավարական փաստաթղթերին վերաբերվել բավարար լրջությամբ։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ ընդհանրապես բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հնարավորինս կարճ և համառոտ, քանի որ անհրաժեշտ է ժամանակ խնայել և ոչ թե շատ ժամանակ ծախսել մեծ ծավալ ունեցող փաստաթղթերն ընթերցելու վրա։

Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը վարչապետը պայմանավորեց մի քանի հանգամանքներով, այդ թվում՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո երկրի տնտեսության ավելի քան 50 տոկոսանոց աճով։ Վարչապետի բնորոշմամբ՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է։ 

«Մենք պետք է հստակ գծագրենք, թե այս ամենում որտեղ է Կառավարության դերը և որտեղ է այլ գործող անձանց դերը։ Իմ կարծիքով՝ Կառավարության դերն այն է, որ մենք 2018 թվականից վերացրել ենք տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները, մենաշնորհները, արգելքներն ու արգելակները և սա է հիմնական պատճառը, որ 2018 թվականից ի վեր՝ ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական վայրիվերումների, Հայաստանը ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի 2,4 անգամ աճ, 50 տոկոս տնտեսական աճ և այս ամենը, հիշեցնեմ, կորոնավիրուսի համավարակի առկայության պարագայում։ Ուզում եմ ընդգծել, որ սրանում առաջին հերթին մենք պետք է գնահատենք Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, որովհետև սա չի կարող լինել Կառավարության ձեռքբերումը, սա Կառավարության և քաղաքացիների համագործակցության արդյունքն է»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի անհատ քաղաքացին ունեցել է և ունի վճռորոշ դեր Կառավարության ռազմավարական որոշումների կայացման և իրագործման գործում։  

«Դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է՝ տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, կարող և ստեղծարար քաղաքացին»,-նշեց վարչապետը։

Նա նաև շեշտեց, որ դոկտրինի ընդունումը պայմանավորված է նաև Հայաստանի շուրջ անվտանգային նոր միջավայրի ձևավորմամբ, այդ թվում՝ մասնավորապես Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությամբ։  

Դոկտրինում մեծ ուշադրություն է դարձված նաև արհեստական բանականության ու թվայնացման ոլորտներին։ Առանձնահատուկ նշանակություն է տրված նաև էներգետիկ վերափոխման օրակարգին։

Վարչապետը նաև ասաց, որ դոկտրինում ներառված է նաև հարկային երկարաժամկետ կարգավորումների քաղաքականություն որդեգրելու գաղափարը։  Նրա խոսքով՝ սկսել են քննարկումներն այն մասին, որ առաջիկայում Կառավարությունը պետք է դիտարկի հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որը հնարավոր կլինի ուժի մեջ պահել, օրինակ, 10 տարի։

«Փաստաթուղթը շատ ծավալուն չէ, բայց ընդգրկուն է։ Ուզում եմ նորից ընդգծել, որ այս բոլոր մոտեցումների հիմքում ընկած է մեկ առանցքային գաղափար՝ պետությունը դիտարկվում է որպես շարունակական ինստիտուտ, որտեղ կառավարությունները փոփոխական են, իսկ տնտեսական քաղաքականության տրամաբանությունը՝ կայուն և կանխատեսելի։ Եվ այս ամենի հիմքում դրված է պետության հարատևության գաղափարը, և այն գաղափարը, որ պետության տնտեսական զարգացումը հենց պետական շահն է»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։