Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն թիմակցի թմրադեղ օգտագործելու մասին: Փաշինյանի թիմակիցները ժամանակին վստահեցնում էին նաև, որ իշխանության գալու դեպքում կօրինականացնեն մարիխուանան: Իշխանության գալուց հետո, սակայն, հասարակական աղմուկի արդյունքում շատերը հրապարակային այլևս չեն պաշտպանում այդ գաղափարը:
Երեկ հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը, և եթե մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի իր դիմումը, ապա նրա փոխարեն պատգամավոր կդառնա նույն դաշինքի անդամ Արթուր Հովհաննիսյանը:
Արթուր Հովհաննիսյանի մասին համացանցում որոշ տեղեկություններ պարզելու ընթացքում հայտնաբերեցինք, որ նա 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրադեղ պահելու կասկածանքով, և իր ուղեկցի գրպանում հայտնաբերվել է թմրադեղ: Այս միջադեպի մասին կա հրապարակում Շամշյան.քոմ լրատվականում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի 4-րդ շենքի մոտից Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածներն են նշված փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Հովհաննիսյանը՝ իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, և նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 28-ամյա Գևորգ Սավթալյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված, ով, ըստ տեղեկությունների, խոստովանել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն։
Դեղնականաչավուն զանգվածն առգրավված է և նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի գլխավոր պրոդյուսեր, իսկ Գ. Սավթալյանն էլ հայտնել է, որ ինքն աշխատում է «Յունիսթրի» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։
Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել»:
Արթուր Հովհաննիսյանը այս պահին էլ պետական բարձր պաշտոն է զբաղեցնում: Նա «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն է։
Ի դեպ, հետաքրքիր կլինի նաև պարզել, թե ի՞նչ ընթացք է ստացել Արթուր Հովհաննիսյանին և իր ընկերոջը առնչվող գործը: Արդյո՞ք այն փակվել է այն ժամանակ, երբ Արթուր Հովհաննիսյանը վայելում էր հեղափոխության արդյունքում իշխանության եկած թիմի աջակցությունը և պետական բարձր պաշտոն էր զբաղեցնում:



