ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի համար ժամանակը նշանակություն չունի Իրանի հետ հնարավոր գործարքի հարցում։ Այս մասին նա ասել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է լրագրողի կայքում։
Ամերիկացի ղեկավարի խոսքով՝ շատերը, այդ թվում՝ «շատ խելացի» և «չափավոր» հայացքների տեր մարդիկ կցանկանային Իրանի հետ համաձայնագիր տեսնել։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն զգալի վնաս է հասցրել Իրանին և, հետևաբար, ժամանակը որոշիչ գործոն չի համարում բանակցություններում։
«Մենք արդեն շարքից դուրս ենք բերել շատ բաներ, քան պետք է անեինք։ Հնարավոր է՝ հարկավոր լինի ևս երկու շաբաթ, գուցե՝ երեք շաբաթ։ Ժամանակը մեզ համար որոշիչ նշանակություն չունի», - նշել է նա։
Թրամփը կրկնել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա՝ նշելով, որ իր կարմիր գծերից մեկն այն է, որ Իրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից։ Նա նաև կրկնել է, որ ցանկանում է Իրանից վերցնել ամբողջ հարստացված ուրանը։
Ինչ վերաբերում է Իրանի հրթիռային ծրագրին, Թրամփը հայտարարել է, որ հարկավոր է, որ Իրանը սահմանափակի հրթիռային կարողությունները։
«Հարկավոր է նայել նրանց հարևաններին։ Նրանք չեն կարող ունենալ ավելի քիչ։ Նրանք ասում են՝ իսկ մյուսնե՞րը։ Հրթիռները վատ են, բայց այո, նրանք պետք է սահմանափակեն դրանց քանակը։ Բայց այս ամենը վերաբերում է նրան, որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», - նշել է ԱՄՆ նախագահը։



