Կա՛մ ձեզ փող են տալիս կառուցապատողները, որ չճ...

Ինձ թվում է, մենք այստեղ պատճառահետևանքային կապի բացակայության խնդիր ունենք, այստեղ տուժողը համ կառուցապատողն է, համ այդ բնակարանը գնողն է, համ այդ թաղամասում ապրողն է, բայց մեղավոր այդ երեքից որևէ մեկը չէ, մեղավորը այստեղ նստած է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով ՔՊ–ի կողմից ներկայացված նախագծին, որով գույքահարկի արտոնություն է տրվում կառուցապատողներին։

«Արդեն յոթ տարի իշխանության են և յոթ տարվա ընթացքում աննախադեպ քանակի շինարարություն է տեղի ունենում։ ՔՊ-ական մի փոխնախարար ասում էր, որ շինարարական աշխատանքները և այս զարգացումը Հայաստանի էկոնոմիկան առաջ տանելու գլխավոր լոկոմոտիվներից է։ Ես դեմ եմ նման լոկոմոտիվին, որովհետև այս շինարարական պիկի արդյունքում, չգիտեմ, 30-40-50 ընտանիք հարստանում է, մի ամբողջ քաղաքի բնակչություն ապրում է քաղցկեղի մեծ հավանականություն ստեղծող միջավայրում։

Ուրախացեք, եվրոպական բազում ծրագրեր եկել են Հայաստանում հետազոտություններ են արել և բացահայտել են, որ, օրինակ, անցած տարի 314 օր Երևանում օդում այնքան փոշի է եղել, որ դա բարենպաստ պայման է ծանր առողջական հիվանդություններ ձեռք բերելու համար։ Բայց մենք ունենք այս իշխանությունը, որը որևէ երկար լոնգրան ոչ մի ծրագիր չի գծում, ամեն անգամ միանգամյա լուծումներ են տալիս, այսինքն այսօր այս խնդիրը կա, մի հատ արագ 15 րոպեում հավաքվենք, մի բան մտածենք, հետո կտեսնենք ինչ է լինում։

2022 թվին դուք եք այս վճարը սահմանել, հիմա էլ փոփոխություն եք անում, այդ վճարի վրա զեղչ եք անում։ Նրանք, որոնք եղել են բարեխիղճ կառուցապատողներ, 400 հազարները վճարել են, իրանց էլ ոնց հասկացա, այս գումարը չի վերադառնալու։

Այսօր Երեւանում պատշաճ վարչարարություն չի իրականացվում կառուցապատողների հանդեպ։ Այստեղ երկու տարբերակ կա. կամ իրենք ձեզ փող են տալիս, դուք իրենց չեք ճնշում, կամ դուք լավ չեք աշխատում, չեք կարողանում վերահսկել։ Երկու դեպքում էլ տուժում ենք բոլորս։

Այսինքն Երևանի բոլոր խնդիրների մեջ ամենախոցելի խավը կառուցապատողներն էին, որից ոչ մի բան չեք կարում ստանաք։ Մայթերը քանդում են, չեք կարում հետ բերեք, մարդկանց շենքերի վրա շենքեր են կառուցում, այդ մարդկանց տանում եք դատարան, դատարաններում բյուրոկրատիայով տարիներով մնում են։

Իրավական համակարգը չի գործում այս շինարարական ոլորտում։ Գնացեք Թումանյան-Սայաթ–Նովա այդ փողոցների արանքը շենք կա, 8-9 հարկը սարքել են, հետո բնակիչները դատի են տվել, հարցը մտել է դատարան, տարի ու կես կառուցապատումը դադարեցվել է, այդպես այդ շենքը փոշոտ, բաց մնացել է։ Հիմա տարի ու կես հետո կրկին սկսել են շինարարությունը»,– ընդգծեց Սամվել Հակոբյանը։