
Եգիպտոսը, փորձելով վերականգնել հրադադարը Գազայի հատվածում, Իսրայելին եւ ՀԱՄԱՍ խմբավորմանը առաջարկել է վերսկսել պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, հայտնել է AP-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի երկու պաշտոնյաների։ Նրանց խոսքով՝ պլանը կոչ է անում ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել հինգ պատանդների՝ Իսրայելի կողմից հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակելու դիմաց: Ենթադրվում է նաեւ, որ կողմերը մեկ շաբաթով կդադարեցնեն կրակը, եւ Իսրայելը թույլ կտա մարդասիրական օգնություն տրամադրել անկլավին։ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ողջունում է այդ գաղափարները, սակայն չի մանրամասնել: Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ վերսկսել է զանգվածային հարվածները Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտնել է, որ Իսրայելի կառավարությունը ռազմական գործողությունները վերսկսելու իր որոշմամբ վտանգում է Գազայում մնացած պատանդների կյանքը։ AP-ը հիշեցրել է, որ Իսրայելը նախկինում պահանջել էր ՀԱՄԱՍ-ից ազատ արձակել ավելի շատ պատանդների՝ նախքան ավելի երկար հրադադարի շուրջ բանակցություններին անցնելը: Իր հերթին խումբը հայտնել է, որ ազատ կարձակի մնացած 59 պատանդներին միայն հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների ազատության, երկարաժամկետ զինադադարի եւ Գազայի հատվածից իսրայելցի զինվորականների դուրսբերման դիմաց։