Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է...

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և համայնքապատկան հողատարածքների կադաստրային քարտեզներում իրական կոորդինատներին չհամապատասխանող տվյալներ մուտքագրելու, հողամասերի քարտեզների ուղղման միջոցով դրանց տեղադիրքերը փոխելու և հետագայում հողամասերի նշանակությունը որպես «ընդերքօգտագործման» փոխելու համար հիմքեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապատկան հողակտորներում արդեն իսկ կատարված ապօրինի հանքարդյունաբերությունը օրինականացնելու նպատակով, այլ անձի օժանդակությամբ 2025 թվականին ընկերության բաժնետերերից մեկին առաջարկել է իրեն խոշոր չափերով՝ 500.000-ից 700.000 ՀՀ դրամի կաշառք տալ:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի բնակչին պատկանող և առանց շինարարական թույլտվության կառուցված անշարժ գույքի կադաստրային փատաթղթերը ձևակերպելու, ինչպես նաև դրա վերաբերյալ բացասական եզրակացություն չներկայացնելու դիմաց 2025 թվականին առաջարկել է իրեն տալ խոշոր չափերով՝ 600.000-700.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի մեկ այլ բնակչի պատկանող հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, 2025 թվականին, իրեն օժանդակող անձի միջոցով 100 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկ է ներկայացրել հողամասի սեփականատիրոջը:

ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կադաստրի կոմիտեի աշխատակցին կաշառք տված, նրա հանցավոր գործողություններին օժանդակած, ինչպես նաև կաշառքի միջնորդություն կատարած ևս 5 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: