Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական անվտանգային։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում կառավարության առաջիկա 5–ամյակի ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն երկու դար հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են այն հենքի վրա և ըմբռնման, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ես չեմ կասկածել այս գործառույթը կատարելու Ռուսաստանի նվիրվածությանը, բայց 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով Ռուսաստանի Դաշնությունը երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար։
Դա մենք տեսանք 2022 թվականի սեպտեմբերին, 2023 թվականի սեպտեմբերին, և այստեղ է, որ կրկին առերեսվեցինք մեր պատմության դասերը սովորած չլինելու ցավալի փաստի հետ։ Ի վերջո, 19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունում հայության կոտորածները ահագնացան այն բանի արդյունքում, որ մենք նախ որոշեցինք, որ մեր հարցերը միջազգային երաշխավորների միջոցով պետք է լուծենք, ապա և մեր ամբողջ գործունեությունը ծավալեցինք այս տրամաբանության վրա՝ հենց հենվելով, հավատալով նաև ուժային գործոններին։
Կար նույնիսկ ժամանակ, երբ թվում էր, գոնե մեզ այդպես էր թվում, թե աշխարհի հզորները, մասնավորապես Ռուսաստանը, տարածքներ է գրավում մեզ համար։ Այս ընկալումը ավելի էր թանձրացնում մեր շուրջ ձևավորող թշնամությունը։ Այսինքն մենք ինչքան ուրախանում էինք Ռուսաստանի հաջողություններով առաջին համաշխարհային պատերազմում և դրանից առաջ, այդքան մեր շուրջ ձևավորվում էր թշնամության մթնոլորտ։
Իսկ երբ Ռուսաստանը իր ներքին խնդիրների և այլ պատճառներով ստիպված էր հեռանալ տարածաշրջանից, մենք մեն–մենակ մնացինք մեզ թշնամի համարող և մեր կողմից թշնամի ընկալվող միջավայրի հետ, և ահա այս պայմաններում ջարդերը դարձան կոտորածներ, կոտորածները ցեղասպանություն։
Մենք պատմության այս դասը այդպես էլ չսովորեցինք, նույնիսկ 21-րդ դարում, մինչև իրականությունը իր Տերթոդիկյան ոճի դասատուի պես մեզ չսովորեցրեց այդ դասը ու մենք ի վերջո մեզ ճանաչեցինք հայտնի առածի հերոսի այն դերում, որում գտնվում ենք։ Իսկ առածը հետևյալն է. մարդու ամենամեծ դժբախտությունն այն է, որ նա չգիտի, թե որքան երջանիկ է։ Ու մենք, որ 19-րդ դարում մեկնարկած մեր գաղթը այդպես էլ չէինք դադարեցրել, նույնիսկ 1991–ից պետություն ունենալու պայմաններում, մենք, որ նույնիսկ պետություն ունենալու պայմաններում շարունակում ենք «ավետյաց հայրենիքի» մեր փնտրտուքը, միայն պատմության քննությունից կտրվելու վերջին պահին հասկացանք, որ պատմական արդարության մասին երազելու կարիք չկա, ազգային իղձերով ապրելու կարիք չկա, հայրենիքի մասին երազելու կարիք չկա։ Որովհետև մեր երազանքները և իղձերը իրականացված են և Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը, մենք շատ դժվար հասկացանք, որ հայրենիքը պետությունն է, որ պետությունից դուրս այլ հայրենիք չկա, և մենք որոշեցինք ճանաչել այդ հայրենիքը, մենք որոշեցինք ճանաչել Հայաստանի Հանրապետությունը ու նրա տարածքային ամբողջականությունը, և այդ հենքի վրա հնարավոր եղավ հաստատել խաղաղություն և բացել ապագայի դռները և այդ դռներով մտնել ապագայի մեջ»,–ասաց նա։



