Բաքուն պատրաստ է շարունակել Մոսկվայի հետ զարգացնել դաշնակցային համագործակցության հարաբերությունները, սակայն դրան խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ ռուսական ԶԼՄ-ներում առկա բացասական տեղեկատվական ֆոնը։ Այս մասին RTVI-ին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
«Դաշնակցային համագործակցության զարգացումն ու 2022 թվականի փետրվարի 22-ի Հռչակագրի դրույթների իրականացումը, որը մեր հարաբերությունների հիմքում է, դժվարանում են Ադրբեջանի նկատմամբ չափազանց բացասական տեղեկատվական ֆոնի պայմաններում, որը նպատակաուղղված կերպով ստեղծվում է որոշ ռուս փորձագետների, բլոգերների և լրագրողների կողմից՝ իրենց սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում», — նշել է նա։
Մուստաֆաևը հավելել է, որ «այսօր առնվազն 96 ռուսական լրատվական պորտալներ, Telegram- և YouTube-ալիքներ և այլ ԶԼՄ-ներ՝ բազմամիլիոնանոց լսարանով, այս կամ այն պարբերականությամբ տարածում են թեզեր Ադրբեջանի մասին՝ որպես Ռուսաստանի համար «ոչ բարեկամական» պետության, և այդ թիվն օրեցօր աճում է»։
«Դիվանագիտական ուղիներով մենք ռուսական կողմի ուշադրությունը հրավիրել ենք մեր երկրի, նրա ժողովրդի և ղեկավարության հասցեին հնչող վիրավորական և սադրիչ հայտարարությունների կոնկրետ փաստերի վրա, որոնք վնասում են մեր ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին։ Այս իրավիճակը համարում ենք բացարձակապես աննորմալ և անընդունելի ու ակնկալում ենք Մոսկվայի սկզբունքային արձագանքն ու դրա շտկման ուղղությամբ կոնկրետ քայլերը», — ընդգծել է Մուստաֆաևը։



