Ժամանակին հայկական հեռուստաեթերում մի հաղորդում կար՝ «Կիսաբաց լուսամուտները», որը հայտնի էր էժանագին ու սկանդալային պատմություններով։ Հաղորդման հերոսները հանրության առաջ պատմում էին իրենց ընտանեկան կյանքի ամենակեղտոտ մանրամասների, սեռական ու կենցաղային հարաբերությունների մասին։ Տարիներ շարունակ եթեր հեռարձակվելով՝ այդ հաղորդաշարը կարծես նորմալիզացնում էր նման վարքագիծը և, որ ավելի վտանգավոր է, տպավորություն ստեղծում, թե հատկապես Հայաստանի գյուղերում հիմնականում հենց այդպիսի ընտանիքներ են ապրում։
Ի վերջո «Կիսաբաց լուսամուտները» փակվեց, և շատերիս դա ուրախացրեց։ Թվում էր՝ հասարակության դեգրադացմանը նպաստող առնվազն մեկ գործիք այլևս չի աշխատելու։
Սակայն, ինչպես պարզվում է, «Կիսաբաց լուսամուտները» կարող են վերադառնալ՝ պարզապես այլ ձևաչափով և այլ հաղորդավարով։
Արդեն մի քանի շաբաթ է՝ Աննա Հակոբյանը խոսում է ընտանիքներում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին, իսկ երեկվանից սկսել է տեսանյութեր հրապարակել՝ իբրև բռնության ենթարկված կանանց պատմություններով։ Ի տարբերություն «Կիսաբաց լուսամուտների»՝ Աննա Հակոբյանը փակում է պատմությունների հերոսների դեմքերը, սակայն ներկայացվող բովանդակությունն իր բնույթով խիստ հիշեցնում է տարիներ շարունակ հայկական եթերում ցուցադրված այդ հաղորդաշարը․ կրկին հանրայնացվում են մարդկանց ընտանեկան կյանքի ամենածանր ու անձնական դրվագները։
Կանանց նկատմամբ բռնությունը լրջագույն խնդիր է, և դրա դեմ պայքարն անհրաժեշտություն է։ Բայց պայքարի անվան տակ մարդկային ողբերգությունները հանրային դիտումների համար նախատեսված բովանդակության վերածելը բոլորովին այլ բան է։ Եթե նպատակը բռնության կանխարգելումն ու տուժածներին օգնելն է, ապա դրա համար գոյություն ունեն իրավական, սոցիալական և մասնագիտական գործիքներ։ Իսկ եթե հասարակությանը հերթով մատուցվելու են անանուն մարդկանց ընտանեկան կյանքի սկանդալային պատմությունները, ապա դժվար է չնկատել «Կիսաբաց լուսամուտների» հետ զուգահեռը։
Փաստորեն, «Կիսաբաց լուսամուտները» փակվեցին հեռուստաեթերում, բայց դրանց տրամաբանությունը կարող է վերադառնալ արդեն Աննա Հակոբյանի ներկայացմամբ։
Տեսնենք՝ ինչ ընթացք կստանա այս նախաձեռնությունը և որտեղ կանցնի իրական խնդրի բարձրաձայնման ու մարդկային ողբերգությունը հանրային բովանդակության վերածելու սահմանը։
Ս․Թ․
Լուսանկարը՝ արհեստական ինտելեկտի



