
Իսրայելի իշխանությունները պլան են մշակում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերջնական պարտության եւ Գազայի հատվածի «երկարատեւ օկուպացիայի» համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տեղեկացմամբ՝ այս գաղափարն առաջ է քաշել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գլխավոր շտաբի նոր ղեկավար Էյալ Զամիրը ծայրահեղ աջ հայացքներ ունեցող կառավարության անդամների աջակցությամբ՝ պահանջելով ավելի արմատական մարտավարություն մշակել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար, որը հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո սկսել է վերականգնել անկլավի վերահսկողությունը։ Պաշտոնյաների գնահատականներով՝ արմատականներին հաղթելու եւ Գազան գրավելու ծրագիրն իրականացնելու հնարավորությունը ծագել է ԱՄՆ-ում իշխանափոխությունից հետո, քանի որ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «ազատել է Իսրայելին [նախկին նախագահ Ջո] Բայդենի վարչակազմի պահանջներից» անկլավը գրավելու եւ իր տարածքը բռնակցելու հեռանկարից հրաժարվելու մասին։ «[ԱՄՆ] նախորդ վարչակազմը ցանկանում էր, որ մենք ավարտենք պատերազմը, Թրամփը ցանկանում է, որ մենք հաղթենք պատերազմում», - նշել է պարբերականի զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը «խիստ շահագրգռված է», որ Իսրայելը հաղթի ՀԱՄԱՍ-ին։ Պլանի համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի ստորաբաժանումների օգնությամբ պետք է վերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում եւ ճնշի ՀԱՄԱՍ-ին, վերահսկողության տակ վերցնի անկլավի մեծ տարածքը եւ ստիպի նրա բնակիչներին մի փոքր շերտի անցնել Միջերկրածովյան ափի երկայնքով։ Ինչպես գրել է FT-ն՝ այս ծրագրի իրականացումը կհանգեցնի պաղեստինցիների վերաբնակեցմանը ավելի փոքր տարածքում, որտեղ նրանց գոյատեւումն ամբողջությամբ կախված կլինի պարենային օգնությունից։ Բացի այդ, Իսրայելի իշխանությունները մտադիր են փաստացի վերահսկողության տակ վերցնել անկլավի կառավարումն ու մարդասիրական օգնության բաշխումը։ Միաժամանակ, ըստ թերթի, նման փոփոխությունները կարող են հանգեցնել Գազայի բնակչության ապստամբական զինված դիմադրությանը։ Դրանից բացի, նշել են ռազմական փորձագետները, պարզ չէ, թե արդյոք Իսրայելի պաշտպանության բանակը կկարողանա հասնել իր նպատակին մի քանի ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով երկրի սպառված զինված ուժերը, որոնց անհրաժեշտ կլինի առնվազն չորս դիվիզիա այս մասշտաբով մարտերի մասնակցելու համար: