
Իսրայելը կշարունակի իր գործողությունն արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ, քանի դեռ չի հասել արմատականների կողմից պահվող բոլոր պատանդների ազատմանը։ Այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր պատանդները չեն ազատվել, և ՀԱՄԱՍ-ն այլևս չի վերահսկի Գազայի հատվածը և վտանգ չի ներկայացնի Իսրայելի և իսրայելցիների համար»,- գրել է Իսրայելի պաշտպանության ղեկավարը X-ում:Կացը նշել է, որ Իսրայելը «կռվում է ՀԱՄԱՍ-ի դեմ և կհաղթի ՀԱՄԱՍ-ին», սակայն «չի կռվում Գազայի խաղաղ բնակիչների դեմ և անում է այն ամենը, ինչ պահանջվում է միջազգային իրավունքով, որպեսզի նվազագույնի հասցնի վնասը խաղաղ բնակիչներին»: «Բայց երբ ՀԱՄԱՍ-ը կռվում է քաղաքացիական հագուստով, քաղաքացիական շենքերից և քաղաքացիական անձանց թիկունքից, դա վտանգի տակ է դնում խաղաղ բնակիչներին, և նրանք սարսափելի գին են վճարում»,- շարունակել է պաշտպանության նախարարը: «Ահա թե ինչու մենք կոչ ենք անում Գազայի բնակիչներին տարհանվել պատերազմական գոտիներից»,- ավելացրել է նա։