Իսրայելը հզոր հարված է հասցրել Հալեպին

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) հայտնել է, որ անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Հալեպի միջազգային օդանավակայանի և Սիրիայի հյուսիսում գտնվող Նեյրաբ ռազմական օդանավակայանի վրա։

Ավերվել է զենք-զինամթերքի պահեստը. Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը.
Բացի այդ, Հալեպի արվարձանում գտնվող Աս-Սաֆիրա շրջանում հարձակման են ենթարկվել ռազմական գործարանները՝ պատճառելով զգալի նյութական վնաս։

Ավելի վաղ սիրիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Հալեպի միջազգային օդանավակայանի և այլ օբյեկտների վրա։ Սիրիական բանակի աղբյուրը հաստատել է, որ օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ 

Հարվածի հետևանքով մեկ զինվոր է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են, հայտնում է ռազմական աղբյուրը։ Վերջին յոթ օրվա ընթացքում սա երրորդ հարձակումն է Սիրիայում տեղակայված օբյեկտների վրա։