Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերո...

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում։ Բանն այն է, որ նորընտիր պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ 2024 թվականին հնչեցրած հայտարարությունը, թե Կիրանցում ական հանող սակրավորները կամ պետք է վիրավորվեն, կամ մահանան, շարունակում է թեժ քննարկումների առարկա լինել թե՛ խմբակցության ներսում, թե՛ դրսում՝ իշխանական շրջանակներում։

Իշխանությունները տարբեր խողովակներով փորձում են հասնել այն բանին, որ Ղազարյանը հրապարակային ներողություն խնդրի այդ հայտարարության համար։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ևս այն կարծիքին է, որ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն հայտնի, և այդ մոտեցումը կիսում է նաև խմբակցության մեծ մասը։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Նարեկ Կարապետյանը Էդգար Ղազարյանին զգուշացրել է այդ մասին՝ ակնարկելով, որ ներողությունը պետք է հնչի ԱԺ ամբիոնից, և թեման պետք է այդպիսով փակվի, սակայն վերջինս համառորեն հրաժարվում է այդ քայլից։ Այդ պատճառով էլ, ըստ նույն աղբյուրների, լարվածություն է առաջացել խմբակցության ղեկավարության և Ղազարյանի միջև։