Իսրայելը Գազայում և Լիբանանում հարվածել է թիր...

Իսրայելի օդուժը հայտարարել է, որ Լիբանանում հարվածել է «Հեզբոլլահ» շիական կազմակերպությանը պատկանող թիրախների, այս մասին հաղորդում է Arab News պարբերականը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած անակնկալ հարձակումից հետո բախումներ են տեղի ունեցել նաև Իսրայել-Լիբանան սահմանին։ Լիբանանյան կողմից զոհերի թիվը շուրջ 10 է։ Նրանց մեծ մասը զինյալներ են, սակայն զոհերի թվում է նաև Reuters-ի թղթակիցը և 2 քաղաքացիական անձ։ Իսրայելական կողմում առնվազն 2 մարդ է զոհվել։

Իսկ հոկտեմբերի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է 4 մարդու, որոնք փորձում էին Լիբանանի տարածքից մտնել երկիր։

ԻՊԲ-ն նաև հայտնել է հոկտեմբերի 17-ի գիշերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպության շուրջ 200 թիրախ ոչնչացնելու մասին։

Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Գազայի հյուսիսից գրեթե 600 000 մարդ է փախել, սակայն շուրջ 100 000 մարդ դեռ մնում է։ Ըստ խոսնակի՝ ցամաքային գործողություն սկսելուց առաջ Իսրայելի տարածած նախազգուշացումից հետո «600 000 պաղեստինցիներ ընդունել են խելացի և ինքնապահպանման» որոշում՝ շարժվելու դեպի հարավ։ Նա կոչ է արել մնացած 100 000-ին նույն կերպ վարվել։