Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին՝ նշելով, որ հարձակումներն իրականացվել են շարժման կողմից հրադադարի խախտումներին ի պատասխան։ Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում։
«Կիրակի օրը (հունիսի 28-ին), ի պատասխան «Հեզբոլլահ»-ի կողմից հրադադարի համաձայնագրի խախտման, ինչը կատարվել է անվտանգության գոտում ԻՊԲ-ի զինվորների վրա շարունակական հարձակումներով, ԻՊԲ-ն հարվածել է «Հեզբոլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի Լիբանանի հարավում Նաբաթիեի և Մայֆադունի շրջաններում», - նշված է հաղորդագրության մեջ։
Իսրայելի բանակը նաև տեղեկացնում է, որ զինվորները ոչնչացրել են արձակման կայանք, որը խմբավորումն օգտագործում էր իրենց դեմ հարձակումների համար։
Բացի այդ, ԻՊԲ-ն հայտնել է «Հեզբոլլահ»-ի ստորգետնյա համալիր ոչնչացնելու մասին, որտեղ եղել են բազմաթիվ զենքեր։ Իսկ զինյալներից մեկի հետ բախման ժամանակ, ըստ մեկ այլ հաղորդագրության, զոհվել է իսրայելցի 1 զինվոր, ևս մեկը վիրավորվել է։
Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ն հունիսի 26-ին Վաշինգտոնում եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել «Հեզբոլլահ» շարժման և հրեական պետության միջև մարտերը դադարեցնելու շուրջ: Փաստաթղթի համաձայն՝ իսրայելական ուժերը կշարունակեն մնալ Լիբանանի հարավի, այսպես կոչված, «անվտանգության գոտում», մինչև «Հեզբոլլահ»-ը չզինաթափվի: Լիբանանի զինված ուժերը պետք է վերականգնի վերահսկողությունն ամբողջ երկրի նկատմամբ և զինաթափի բոլոր ոչ պետական զինված խմբավորումներին: Այս գործընթացը տեղի կունենա աստիճանաբար: Լիբանանի բանակը լիարժեք վերահսկողություն կհաստատի նախապես համաձայնեցված փորձնական հատվածների նկատմամբ, որից հետո իսրայելական ուժերը փուլային կերպով դուրս կգան այնտեղից: Իսրայելը շեշտել է, որ Լիբանանում տարածքային հավակնություններ չունի և իր գործողությունները «Հեզբոլլահ»-ի սպառնալիքի հետևանք են: Կողմերը հայտարարել են նաև, որ ձգտում են ավարտել միմյանց դեմ հակամարտությունը, ապահովել երկու երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը և բարիդրացիական խաղաղ հարաբերություններ հաստատել:
«Հեզբոլլահ»-ի առաջնորդը քննադատել է համաձայնագրի ստորագրումը՝ այն անվանելով ստորացուցիչ:



