Իսրայելի սադրանքներով սկսված պատերազմի գինը վ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 7-ին՝ կառավարության նիստից հետո, հայտարարել է, որ Իրանի շուրջ ձևավորված համաշխարհային ճգնաժամի տնտեսական հետևանքները զգացվում են նաև Թուրքիայում։ Այս մասին գրել է Trthaber-ը։ 

Էրդողանի խոսքով՝ նավթի գները, այդ թվում՝ ԱՄՆ-ում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, հասել են պատմական մակարդակների, իսկ հատկապես դիզելային վառելիքի դեպքում արձանագրվել է աննախադեպ թանկացում։

Նա նշել է, որ քանի դեռ չի հանգուցալուծվել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը, նավթի բարձր գները շարունակելու են խնդիրներ առաջացնել համաշխարհային տնտեսության համար։ Թուրքիայի նախագահը Իրանի շուրջ պատերազմի սանձազերծման պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ դրա տնտեսական և քաղաքական հետևանքների համար վճարում են ոչ միայն Իրանը և Պարսից ծոցի երկրները, այլև ամբողջ աշխարհը։ Էրդողանը միաժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է խորացնել հարաբերությունները Շանհայի համագործակցության կազմակերպության հետ։

Նրա խոսքով՝ կազմակերպության անդամ երկրների հետ Թուրքիայի տարեկան առևտրաշրջանառությունը մոտենում է 150 միլիարդ դոլարի, և Անկարան ցանկանում է այն հետագայում ևս ավելացնել։